Կապանի մասին
Կապանը Սյունիքի մարզկենտրոնն է

Գտնվում է Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, Ողջի գետի հովտում: Տարեկան միջին ջերմաստիճանը 12,1 C է, հունվարինը` 1,6 C, հուլիսինը` 22,9 C, առավելագույնը` 38 C, նվազագույնը` 15 C, տեղումների քանակը` 570 մմ: Քաղաքի միջով հոսում է Ողջի գետը, որն ընդունում է Վաչագան և Կավարտ վտակները: Կապանի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարի վերջերին: Կապան նշանակում է կիրճ, լեռնանցք: Միջնադարյան Կապան քաղաքը գտնվում էր ներկայիս Կապան քաղաքից 14-15 կմ հյուսիս-արևմուտք: 987թ., երբ ստեղծվում է Սյունյաց թագավորությունը, Կապանը դառնում է նրա մայրաքաղաքը: Հայերից բացի, այստեղ բնակվում էին նաև հրեաներ: 18-րդ դարում Կապանը դառնում է ազատագրական շարժման կենտրոնը Սյունիքում: 1722-30թթ. ընթացքում Կապանի մոտակայքում գտնվող Հալիձորի բերդը դառնում է Դավիթ-Բեկի ծավալած ազատագրական շարժման և իշխանապետության կենտրոն: 19-րդ դարում Կապանն անցնում է ռուսական կայսրության տիրապետության տակ: 1938թ. ստացել է քաղաքի կարգավիճակ: 1996թ. Սյունիքի մարզկենտրոնն է:

Խուստուփ

Խուստուփը ծալքաբեկորային լեռ է, գտնվում է ՀՀ հարավում` Կապանում: Բարձրությունը 3201 մետր է (ըստ այլ տվյալների` 3212): Խուստուփից սկիզբ է առնում Վաչագան գետը: Բացի սովորական լեռ լինելուց, այն նաև սուրբ ու պաշտամունքային լեռ է: Խուստուփի հետ է առնչվում գարեգին Նժդեհի անունը ու նրա զանգեզուրյան պայքարը:

Բաղբուրջի հուշահամալիր

Գտնվում է Կապան քաղաքից 200 մ հարավ: Կառուցապատվել է 1970-1990թթ.: Առաջին հարթակում կանգնեցված է Մեծ եղեռնի և 1988 թվականի Սումգայիթի ու Բաքվի զոհերին նվիրված հուշակոթող սյունը: Երկրորդ հարթակում Արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանոցն է: Հուշահամալիրի երրորդ հարթակի վրա անհայտ զինվորի հիշատակին նվիրված խաչքարն է կանգնեցված: Չորրորդ հարթակում Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանն է: Պատի վրա նշված է զոհվածների թիվը` 3050 և հիշատակություն` “թամանցիներին”:

Բաղաբերդ

Անդոկավան բնակավայրի մոտ գտնվում է Բաղաբերդը, որը եղել է Կապան քաղաքի միջնաբերդը: Բերդի կառուցումը կապվում է Սիսակի սերնդից Բաղակ իշխանի անվան հետ: Մի շարք գիտնականներ կարծիք են հայտնել, թե քանի որ Բաղակ իշխանը ապրել է նախքան Քրիստոս 1850թ., ուստի Բաղաբերդը, հետևաբար նաև Կապան քաղաքը, մոտ 3850 տարվա պատմություն ունեն: Բերդն ունեցել է կրկնակի շարվածքով պարիսպներ, որոնցից մինչ օրս պահպանվել են մոտ 8 մ բարձրություն ունեցող կիսավեր աշտարակներ ու բուրգեր: Աշտարակների վրա փորված են 7-8 սմ տրամագծով անցքեր, որոնք ծառայել են որպես դիտանցքներ կամ էլ այդտեղից կռիվների ժամանակ վառվող հեղուկ են լցրել թշնամու զորքի վրա: 1103թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Այստեղ էին հավաքվել Սյունիքի բոլոր վանքերի հարստություններն ու բազմահազար ձեռագրերը: Ավանդույթն ասում է, որ Բաղաբերդը պարանով կապված է եղել իր դիմաց` Ողջի գետի աջ կողմում բարձրացող ժայռի մեջ գտնվող մեկ այլ բերդի հետ: Այստեղ գտնվել է մի հսկայական դուռ, որը պարանով ձգվելով, փակել է կիրճով անցնող ճանապարհը:

Շիկահողի արգելոց

“Շիկահողի պետական արգելոցը” ստեղծվել է 1958թ. և գտնվում է Կապանի Շիկահող գյուղի տարածքում: Բարձրությունը ծովի մակարդակից 700 մ բարձրությունից մինչև 2 000 մ է: Արգելոցը հանրապետությունում այն երեք վայրերից մեկն է, որտեղ երրորդական դարաշրջանից պահպանվել է կենին և այնտեղ է գտնվում Հայաստանում արևելյան հաճարենու միակ փոքրիկ պուրակը: Կովկասում արևելյան սոսու ամենախոշոր պուրակը գտնվում է արգելոցի “Սոսու պուրակ” արգելավայրի տարածքում: Ներկայումս պուրակում աճում են 1 000-ից ավելի 200-250 տարեկան սոսու ծառեր, որոնց բարձրությունը 30-35 մ է, իսկ բնի տրամագիծը հասնում է 3 մ: Արգելոցի ֆլորայի 18 տեսակներ գրանցված են նախկին ԽՍՀՄ-ի կարմիր գրքում: Հայտնաբերված միջատների մոտ 1 000 տեսակից 37-ը հանդիպում են միայն արգելոցում, 27-ը` հազվագյուտ: Սողունները շատ են` ներառյալ մողեսների 11, օձերի 13 և կրիաների 2 տեսակ: Թռչնաֆաունան ներկայացված է 135 տեսակներով: Կան կաթնասունների 37 տեսակ, որոնցից կովկասյան ընձառյուծը, բեզորյան այծն ու գորշ արջը գրանցված են Միջազգային կարմիր ցուցակում:

Վահանավանք վանական համալիր

Վահանավանքի համալիրը Սյունիքի միջնադարյան հոգևոր կենտրոնն էր, կրթական և մշակութային օջախը, հոգևորականության ու իշխանական տոհմի ներկայացուցիչների հանգստարանը: Գտնվում է Կապան քաղաքից դեպի հարավ-արևմուտք, Ողջի գետի աջ ափին, Տիգրանասարի լանջերին: Վահանավանքը հիմնադրվել է X դարի սկզբին Սյունյաց գահակալ իշխան Ձագիկի կրտսեր որդու` Վահանի ջանքերով: Վանքին կից բացվել է հոգևոր դպրոց:

Հալիձորի բերդ

Սյունիքի 17-18-րդ դարերի ճարտարապետական հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Հալիձորի բերդը /Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանոց անապատը/: 18-րդ դարում բերդը դարձավ Դավիթ-Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոց և Սյունիքի հայկական իշխանության կենտրոն:

Երիցվանք

Երիցվանքը նշանավոր վանքերից էր, գտնվում է Արծվանիկ գյուղից արևելք, բարձր սարահարթի վրա: Վանքը հիմնադրել է Սյունյաց միտրոպոլիտ Երիցակը V դարում: Երիցվանքի Սուրբ Նախավկա եկեղեցին իր հորինվածքով եզակի է հայ ճարտարապետության մեջ: