Հայաստանի մասին
drosh Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) ցամաքային պետություն է Անդրկովկասում։ Աշխարհագրորեն գտնվում է հյուսիս-արևմտյան Ասիայում, սակայն մշակութային և քաղաքական նկատառումներով հաճախ համարվում է եվրոպական երկիր։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավ-արևելքից՝ Լեռնային Ղարաբաղին, հարավից՝ Իրանին, հարավ-արևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային:
Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որը ձգվում է Եփրատ և Տիգրիս գետերի ավազանից մինչև Փոքր Կովկասը արևելյան մասը։ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից, սպանվել և տեղահանվել Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևլյան մասը 1918 թ. ձեռք է բերել կարճատև անկախություն։ Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, մինչ այդ այն մտնում էր Խորհրդային Միության կազմի մեջ որպես վերջինիս 15 հանրապետություններից: Պատմական Հայաստանի մեկ այլ շրջան՝ Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, նույնպես իրեն անկախ է հռչակել նույն թվականի դեկտեմբերի 10-ին, սակայն ի տարբերություն Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչում չունի։

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեով։ Ըստ այս օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Հայաստանը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։

Հայաստանը գտնվում է Անդրկովկասում` Սև և Կասպից ծովերի միջև, սակայն չունի ելք դեպի ծով:

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա: Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է` 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375 մ։ Ամենաերկար ձգվածությունը` հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք` 200 կմ: Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%` անտառային, 7.7%` հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%` այլ հողեր: Բարձր լեռնագագաթներն են`

  • Կապուտջուղ - 3.906
  • Աժդահակ - 3.598
  • Սպիտակասար - 3.555
  • Իշխանասար - 3.552
  • Վարդենիս - 3.522 և այլն։

Հայաստանի սահմաններում գտնվող ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի գետերն են` Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, Քասախը և այլն: